Այցով Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կրկին հայտարարել է իր երկրին «պաշտպանական զենք» տրամադրելու անհրաժեշտության մասին, որը, նրա խոսքով, «ստիպված է պաշտպանվել ռուսական ագրեսիայից»: Այս մասին Յացենյուկն ասել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք խնդրում ենք մեզ պաշտպանական զենք տրամադրել ռուսական բանակին զսպելու համար: Ուկրաինան միակ երկիրն է, որը պայքարում է ռուսական կանոնավոր բանակի դեմ»,- ասել է նա:
Յացենյուկի խոսքով՝ Ռուսաստանը վտանգավոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ «ազատ աշխարհի» համար, ուստի ԱՄՆ-ը՝ որպես այդ աշխարհի առաջնորդ, պարտավոր է ամեն կերպ աջակցել իր երկրին ռազմական և տնտեսական հարաբերություններում:
«Մենք չենք ակնկալում, որ ամերիկացի զինվորականները գան Ուկրաինա՝ այն պաշտպանելու, բայց մենք ակնկալում ենք ձեր բիզնես-ներկայությունն Ուկրաինայում՝ ներդրումների տեսքով,- հայտարարել է նա:- Ուկրաինայում ամերիկյան ներդրումները լրացուցիչ պաշտպանություն են, միջոց՝ խթանելու մեր տնտեսությունն ու ապահովելու մեր հաջողությունը»:
Յացենյուկի խոսքով՝ Մոսկվան «ձգտում է պառակտել ԵՄ-ն»: «Առայժմ դա նրան չի հաջողվել, բայց դա կարող է լինել»,- ասել է նա:










































