Ստամբուլի հայկական «Ակօս» թերթին տված հարցազրույցի ժամանակ քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ, Ստամբուլից ընտրված պատգամավոր Գարո Պայլանը հայտարարել է, որ զարմանալի չի համարում այն, որ ԺԴԿ-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է քվեների 11-13 տոկոսը:
Պայլանը ԺԴԿ-ի հաղթանակը հնարավոր է համարել նրա անցած քառամյա ուղու շնորհիվ. «2011 թվականին հիմնեցինք Ժողովրդադեմոկրատական կոնգրեսը: Կուսակցության հիմնման երկու տարում զբաղվեցինք անհատականությունների, ժողովրդավարական տարրերի հավաքագրմամբ, եկանք ընդհանուր հայտարարի և հիմնեցինք մեր կուսակցությունը: Մեր կուսակցությունում կան ամեն տիպի անհատականություններ, և մենք պաշտպանում ենք հավասարությունը»:
Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարան երեք հայ պատգամավորների (այդ թվում նաև՝ իր) անցնելը՝ Պայլանը հայտարարել է, որ կարևորում է ոչ թե այդ հանգամանքը, այլ այն, թե ինչ ասելիք ունեն նրանք խորհրդարանում:
Պայլանը ևս մեկ անգամ կարևորել է իրենց կուսակցությունում հավասարության առկայությունը: Նա հիշեցրել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերում նույնպես կան քրդեր, սակայն այնտեղ չկա հավասարություն: Պայլանը կարծում է, որ պետք է շարունակվի «Քրդական հարցի» կարգավորման գործընթացը:
Հիշեցնենք, որ Գարո Պայլանը պատգամավոր է ընտրվել Ստամբուլի թիվ 3 ընտրատարածքից: ԱԶԿ-ի կողմից առաջադրված Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Ստամբուլի թիվ 2 ընտրատարածքից: Նույն ընտրատարածքից է ընտրվել նաև «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) կողմից առաջադրված Սելինա Օզուզուն Դողանը:










































