Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու գաղափարին աջակցող նախարարները ստիպված կլինեն վայր դնել լիազորությունները։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մայիսի վերջին խորհրդարան է մտցրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի օրինագիծ, երկրորդ ընթերցումը նշանակված է հունիսի 9-ին։ Հանրաքվեի հարցը օրինագծում ձևակերպվում է այսպես՝ «Պե՞տք է արդյոք Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ անդամ»։ Որպես հանրաքվեի անցկացման ժամկետ նշվում է՝ «2017-ի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ»։ Վարչապետ Քեմերոնը կարծում է, որ Բրիտանիայի շահերից է բխում ԵՄ կազմում մնալը, սակայն՝ միության բարեփոխման պայմանով։
«Ես արտահայտվել եմ շատ հստակ։ Եթե ցանկանում եք լինել կառավարության անդամ, պետք է համաձայնեք, որ մեզ պետք է նոր բանակցություններ անցկացնել (ԵՄ-ի հետ), կազմակերպել հանրաքվե, որը կհանգեցնի հաջող արդյունքի»,- ասել է նա Գերմանիայում, որտեղ մասնակցում է G7-ի գագաթնաժողովին։








































