ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա պատժամիջոցներով ազդելու անհնարինության մասին։
Քարթերը կարծում է, որ տնտեսական պատժամիջոցներն ու ուկրաինական ճգնաժամի շրջանակում Արևմուտքի այլ գործողությունները չեն կարողացել ստիպել Ռուսաստանի նախագահին փոխելու կուրսը։ Նա նման հայտարարություն է արել Շտուտգարդում հանդիպման ժամանակ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Պարզ է, որ պատժամիջոցներն ազդում են ռուսական տնտեսության վրա»,- ասել է Քարթերը լրագրողներին։ Սակայն նրա խոսքով՝ նկատելի չէ, որ տնտեսության վրա այդ ազդեցությունը հետ պահի Պուտինին Ղրիմում մեկ տարի առաջ ցուցաբերած կուրսից։
Քարթերը 3 տասնյակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների էր հավաքել Գերմանիայում՝ քննարկելու արևմտյան պատժամիջոցների արդյունավետությունն ու գնահատելու՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունները վստահություն ներշնչե՞լ են դաշնակիցներին։
Ռուսաստանը գտնվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Կանադայի պատժամիջոցների ներքո։ Պատժամիջոցները տարածվում են բանկային, նավթային և պաշտպանական ոլորտների վրա։











































