Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման աշխատանքներն ընթանում են գրաֆիկին համապատասխան:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին:
Նրա խոսքերով՝ այդ նախագծի շրջանակներում նախատեսվում է Վրաստանում կառուցել երկու կոմպրեսորային կայան՝ Հարավկովկասյան խողովակաշարն ընդլայնելու համար:
Վալիշվիլին հայտարարել է, որ ներկայումս տարվում են այդ նախագծի նախապատրաստական աշխատանքներ, պատրաստվում են ճանապարհները, կառուցման հրապարակները, արդեն իսկ տրվել են գործնականում բոլոր անհրաժեշտ թույլտվությունները:
Բացի այդ, BP ընկերությունը, որը Հարավկովկասյան խողովակաշարի օպերատորն է, բանակցություններ է վարում մի շարք հողատարածքների գնման շուրջ, որոնք գտնվում են մասնավոր սեփականության ներքո:
Փոխնախարարը հայտարարել է, որ Վրաստանում «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրագործմանն ուղղված լայնամասշտաբ շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2016 թվականի երկրորդ եռամսյակին.
«Գազատարի ընդլայնման բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև 2018 թվականի ավարտը, սիկ 2019 թվականից ընդլայնված գազատարով կանցնի մեծ ծավալի գազ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարով ներկայումս Թուրքիային տարեկան մատակարարում է 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ:
Թուրքիայում այժմ մեկնարկել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումը, որը պետք է ձգվի երկրի արևելքից դեպի արևմուտք՝ թուրք-հունական սահման: Սկզբնական շրջանում TANAP գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետր գազը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար: Եվ որպեսզի հնարավոր դառնա Թուրքիայի արևելք այդ ծավալի ադրբեջանական գազ հասցնելը, պետք է դրան զուգահեռ համապատասխան չափով ընդլայնվի նաև ԲԹԷ-ն:










































