«Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ, վճիռ կայացրեց՝ ի շահ Սամվել Մայրապետյանի, բավարարեց «Լոկալ Դիվելոփըրս» ընկերության հայցն ընդդեմ բնակիչների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ, Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գեր Ավետյանը՝ մանրամասնելով, որ դատարաններում առանձին քննվում են 20-ից ավելի բնակիչների նկատմամբ հայցերը: Այսօր հրապարակվել է նրանցից 2-ի՝ Հեղինե Ուդումյանի, Կիմա Վարդանյանի գործով դատավճիռը, ըստ որի՝ ընթացքում նրանք պետք է լքեն բնակարանները. «Սա կարող է դառնալ նախադեպ, և մյուս բնակիչների գործով դատարանները նման դատավճիռ կկայացնեն, հենց սա էր մեր մտավախությունը, տեսնենք՝ 3 շենքի բնակիչներին ոնց են դուրս հանելու, քարշ են տալու, տարհանելու են, մենք մեր բնակարանները չենք լքելու»,- նշեց նա: Վարդան Գեր Ավետյանը նաև շեշտեց, որ դատավճիռը միչև վերջ չեն լսել, հեռացել են դահլիճից՝ ցույց տալով, որ դատավորը ակնհայտ անօրինական վճիռ է կայացրել, ոտնահարել սեփականատերերի, ՀՀ քաղաքացիների իրավունքները. «Սա հրահանգված որոշում էր»:
Ըստ Վարդան Գեր Ավետյանի՝ Տերյան 25, 23 և Լալայանց 37 շենքերի բնակիչների խնդրով պիտի լուրջ մտահոգվեն քաղաքապետը, վարչապետը և, ի վերջո, երկրի նախագահը, քանի որ ինչ-որ անձանց բիզնես շահերի համար ՀՀ քաղաքացիներին վռնդում են իրենց տներից. «Մենք հասնելու ենք մինչև Եվրադատարան, ակտիվ քաղաքացիական պայքար ևս իրականացնելու ենք»,-նկատեց նա:
Հիշեցնենք՝ 2007թ-ին Տերյան 25, 23 և Լալայանց 37 շենքերը Կառավարությունը ճանաչել է հանրային գերակա շահ, տվյալ հասցեներում կառուցապատման թույլտվություն է ստացել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերությունը, որից հետո Սամվել Մայրապետյանը դիմել է դատարան՝ ընդդեմ սեփականատերերի, որոնք հրաժարվում են վաճառել իրենց բնակարանները:
Մանրամասները ՝ տեսանյութում