China Daily-ի փոխանցմամբ՝ փրկարարները ցանցեր են փռում Չինաստանում Յանցզի գետում խորտակված «Արևելքի աստղ» զբոսանավի շուրջ, որպեսզի ջրի հոսանքն իր հետ չտանի աղետի հավանական զոհերի մարմինները:
Փրկարարները մտադիր են երեք անցք բացել նավի այն մասերում, ուր հավանաբար կարող են լինել ողջ մնացածներ: Դրանից հետո ջրասուզակները կկարողանան մուտք գործել ներս և շարունակել ուղևորների փնտրտուքը:
Ուղևորների որոնման գործողություններում ներգրավված է ավելի քան 200 ջրասուզակ: Ընդհանուր առմամբ, որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 4000 մարդ և 110 նավ:
Բացի դրանից՝ աղետի վայր են ուղարկվել 5 ուղղաթիռ և Ил-76 տիպի տրանսպորտային ինքնաթիռ: Գործողությունն իր վերահսկողության տակ է վերցրել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:
Ջերմանավը երկուշաբթի խորտակվել է Խուբեյ նահանգում: Նավը Նանկինից ուղևորվում էր դեպի Չունցին, որը գտնվում է Չինաստանի հարավ-արևմուտքում: Վերջին տվյալներով՝ նավի վրա գտնվել է 456 մարդ, որոնցից 405-ը ուղևորներ են, 46-ը՝ անձնակազմի անդամներ, իսկ 5-ը՝ զբոսաշրջային գործակալության աշխատակիցներ:









































