Սքոթլանդ Յարդի կոմիսար, սըր Բեռնարդ Հոգան Հոուն հայտարարել է, որ Լոնդոնում չպետք է աշխատեն ավելորդ քաշ ունեցող ոստիկանները: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Independent-ը։
Նրա խոսքերով՝ այն աշխատակիցները, որոնց քաշը կգերազանցի սահմանված նորման և կխոչընդոտի ծառայողական լիազորությունների կատարմանը, կհեռացվեն աշխատանքից:
Նա հավելել է, որ պետք է հավելյալ ժամանակ տրամադրել ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները ձախողած իրավապահներին, որպեսզի նրանք նիհարեն և գտնվեն ֆիզիկական լավ վիճակում. «Հակառակ դեպքում մենք աշխատատեղ չունենք նրանց համար»:
Կոմիսարը դատապարտել է նաև ֆիզիկական պատրաստվածության թեստավորման չափորոշիչները, որոնք բրիտանացի ոստիկանները պետք է հանձնեն ամեն տարի: Նա այդ պահանջները որակել է որպես չափազանց ցածր՝ ընդգծելով, որ 57 տարեկանում առանց նախնական պատրաստության հեշտորեն հաղթահարելի են դրանք:










































