Թբիլիսիի քաղաքային դատարանում դատական նիստ է անցկացվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով՝ կապված բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսերի հետ: Խոսքը 2009-2013 թվականների մասին է: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նիստն անցնում է փակ ռեժիմով: Գործի դատախազ Քեթևան Չաչավի հայտարարությամբ՝ մեղադրող կողմը պահանջել է անթույլատրելի ճանաչել պաշտպանական կողմի ապացույցները՝ այն հիմնավորումով, որ դրանք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:
«Դրանց մեջ (պաշտպանական կողմի ապացույցների) մի փաստաթուղթը Բարաք Օբամայի ընտանիքի կենցաղային ծախսերն են, որոնք բոլորովին անհասկանալի է՝ ինչ կապ ունեն տվյալ քրեական գործի հետ: Այդ ծախսերը ոչ մի կերպ կապված չեն քրեական գործի հետ:
…Գործում նաև պետական մարմիններից փաստաթղթեր կան, որոնց ծագումն ընդհանրապես անհայտ է: Ելնելով սրանից՝ մեղադրող կողմը լիարժեք հիմք ունի պահանջելու այդ ապացույցներն անթույլատրելի ճանաչելու»,- նշել է դատախազը:
Ավելի մանրամասն տեղեկություն այն մասին, թե Օբամա ընտանիքի հատկապես ինչ ծախսեր են հայտնվել գործում, ներկայումս չկա:










































