«Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ այսօր կրկին բողոքի ակցիա անցկացրեցին նախ՝ նախագահական նստավայրի, ապա՝ Ազգային ժողովի դիմաց: Աշխատակիցների պահանջը նույնն է՝ աշխատավարձերի վճարում և գործարանի վերագործարկում:
«Պարտքի մարում» վանկարկումներով աշխատակիցները նաև ամոթանք տվեցին իշխանություններին, ովքեր խնդրի լուծումը մեկը մյուսի վրա են բարդում:
Ընկերության նախկին աշխատակից Անուշ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Նաիրիտ»-ի հարցը քաղաքական հարց է ու պահանջում է քաղաքական լուծում: Նրա խոսքով՝ իրենք համաձայն չեն նախարար Երվանդ Զախարյանի այն խոստման հետ, որ պետք է աշխատավարձերը մարվեն մինչև տարվա վերջ:
«Եթե մինչև տարեվերջ պետք է մարվի, ապա պետք է նշվի, թե ինչ ընթացակարգով: Մինչև տարեվերջ 6 ամիս է մնացել, բայց մենք 18 ամսվա չվճարված աշխատավարձ ունենք: Հիմա մենք առնվազն 3 ամսվա աշխատավարձ պետք է ստացած լինեինք: Մենք մի քանի անգամ ասել ենք՝ սա քաղաքական որոշման խնդիր է և կլուծվի քաղաքական որոշման արդյունքում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց այլևս չի հետաքրքրում, թե կառավարությունը ինչ եղանակով կվճարի իրենց պարտքը, քանի որ իրենք այլևս չեն կարող օդով շնչել:
Ինչ վերաբերում է գործարանի խողովակաշարերի վաճառքին, որով կառավարությունը պատրաստվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը, ապա Անուշ Հարությունյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման շրջանակներում արդեն իսկ աբսուրդ է դառնում գործարանի խողովակաշարերի վաճառքի թեման:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































