Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը, որ վարում է շվեյցարացի Անդրե Բորշբերգը, սկսել է իր թռիչքը Խաղաղ օվկիանոսի վրայով:
Չինական Նանկինից մինչև Հավայան կղզիներ թռիչքը այս տարվա մարտին Աբու Դաբիիից սկսված շուրջերկրյա ճանապարհորդության ամենադժվար հատվածն է: Խաղաղ օվկիանոսը հատելու համար դանդաղընթաց ինքնաթիռից կպահանջվի մոտ 5-6 օր։ Ընդ որում, օդաչուի խցիկում պետք է լինի միայն մեկ մարդ:
«Ես դեռ չգիտեմ՝ ինչպես ինձ կզգամ օդում այդ հինգ կամ վեց օրերի ընթացքում»,- ասել է օդաչուն BBC-ին:
Ինքնաթիռը վառելիքով չի աշխատում: Հաջող թռիչքի համար (8 հազար կմ) անհրաժեշտ է անամպ երկինք և ընթացիկ քամի, որպեսզի թևերի վրա տեղադրված լուսամասնիկները ստանան մաքսիմալ արևային էներգիա: Մինչև երեկո ինքնաթիռի արևային մարտկոցները պետք է հասցնեն ամբողջովին լիցքավորվել, որպեսզի աշխատեն մինչև առավոտ:
Եթե եղանակային պայմանները նպաստավոր չլինեն, ինքնաթիռը կամ կվերադառնա Չինաստան, կամ վայրէջք կկատարի Ճապոնիայում: Իսկ եթե այդ հնարավորությունն էլ չունենա, ստիպված կլինի վայրէջք կատարել ջրի վրա: Այդ դեպքում օդաչուն ստիպված կլինի ինքնաթիռը լքել պարաշյուտով:








































