Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը մի քանի տարի առաջ դեմ էր արտահայտվում նաև Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ինչը նորմալ էր, քանի որ Ջերմուկը զբոսաշրջային քաղաք է, և մաքուր օդն ու ջուրը ամենակարևոր գործոններն են:
Բնապահպանները բարձրաձայնում են, որ Ջերմուկը լուրջ բնապահպանական խնդրի առաջ կկանգնի, եթե շահագործվի քաղաքից քիչ հեռու գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը, հետևաբար չի զարգանա նաև զբոսաշրջությունը: Խնդրահարույց հարցը դեռ բնապահպանների օրակարգում է, իսկ քաղաքապետի մակարդակով մտահոգությունները հօդս են ցնդել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետը վստահեցրեց, որ ինքը վստահում է հանքի շահագործման համար նախանշված պայմաններին, որոնք թղթի վրա ամրագրված են: Բացի զբոսաշրջային քաղաքին սպառնացող վտանգից, հարցրինք նաև՝ տնտեսական անկումն ինչպե՞ս է անդրադարձել տուրիզմի վրա, որտեղ ավելի պետք է ընդգծված լինի այն:
Հետաքրքրվեցինք նաև այն մասին, որ ջերմուկյան հանգիստը շարունակում է միջին խավի քաղաքացուն անմատչելի լինել, և նորանոր բացվող հյուրանոցները միգուցե ներդրումային առումով ուրախացնող են, բայց բացը չեն լրացնում: Հակառակն ապացուցելու համար քաղաքապետը հանգստի մեկ օրվա համար թիվ շեշտեց, որը նախ ամառային ամիսներին գոյություն չունի, երկրորդն էլ, եթե, այնուամենայնիվ, գտնվի, ապա այդ գնին համապատասխան պայմաններով հանգստից հետո դարձյալ հանգստի կարիք կզգացվի:








































