Հնդկաստանում անոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 826-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ամենաշատ զոհ գրանցվել է երկրի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում, որտեղ շոգից 1 334 մարդ է մահացել:
Առնվազն 440 մարդ մահացել է Տելանգանա նահանգում: Հաղորդվում է, որ զոհեր կան նաև Օրիսսա, Գուջարաթ նահանգներում և Դելիում:
Երկրի որոշ մասերում ջերմաստիճանը հասնում է 48-50 աստիճանի: Փորձագետները նշում են, որ ջերմաստիճանը Հնդկաստանում 5-7 աստիճանով գերազանցում է այդ սեզոնի միջին վիճակագրական նորման:
Շոգից ամենաշատը տանջվում են դրսում աշխատողները, անտունները և տարեց մարդիկ, նշում են ԶԼՄ-ները: Քաղաքների իշխանությունները ջրի բաժանման կետեր են կազմակերպում:
Հնդիկ օդերևութաբանների տվյալներով՝ իրավիճակի բարելավում է սպասվում հունիսի 2-ից, երբ հորդ անձրևներ կգան:








































