Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ է որոշվել մասնավորեցնել «Հայփոստը»:
«Արդեն երկար ժամանակ է՝ «Հայփոստը» մենք տվել ենք կառավարման: Երկար կառավարման ընթացքում հասկացանք, որ ավելի արդյունավետ է, երբ մասնավոր սեկտորում է լինում»,- ասաց նախարարը:
Այնուհետև Բեգլարյանը հավելեց. «Երեկ կառավարության նիստում Արման Սահակյանը զեկուցեց, որ դա մտնում է մասնավորեցման ցանկի մեջ: Երբ վերջնականապես մենք համոզվենք, որ «Հայփոստը» մասնավոր ավելի արդյունավետ կաշխատի մեր պետության ու մեր ժողովրդի համար՝ կմասնավորեցնենք»:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ որոշ կառույցներ պետական կարգավիճակում արդյունավետ չեն աշխատում, Բեգլարյանը պատասխանեց. «Ընդհանրապես, ամբողջ աշխարհում շատ արդյունավետ է աշխատում մասնավոր և պետական համակարգ համագործակցված տարբերակը: Դա միայն մեզ մոտ չէ, որ մասնավոր համակարգն ավելի արդյունավետ է աշխատում, պետական համակարգն ավելի վերահսկողական է, համակարգը կառավարելի է դարձնում, սեփական սեկտորն այս ոլորտում ավելի արդյունավետ կլինի»,- եզրափակեց նա:









































