Իրանը կարող է մոտ ժամանակներս այլ երկրների հետ համատեղ զորավարժություններ անցկացնել: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Հաբիբոլլա Սայարիին:
Նրա խոսքով՝ մասնավորապես, օրակարգում է Իրանի ռազմածովային նավատորմի և այլ երկրների ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման հարցը:
Թեհրանը ծրագրում է ընթացիկ իրանական օրացուցային տարում համատեղ զորավարժություններ անցկացնել Ղազախստանի և Օմանի հետ, հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Աբդոլրահիմ Մուսավին:
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը համատեղ զորավարժությունների առաջարկ են ստացել նաև Վենեսուելայից և Ինդոնեզիայից:
Մուսավին նշել է, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել Կասպից ծովում:
«Ուսումնասիրվում են Հարավային Աֆրիկայի հետ Իրանի համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունները»,- ասել է Մուսավին: