Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, 25 տարի անց Թուրքիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) կհամալրվեն սեփական արտադրության մարտական ինքնաթիռներով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՌՕՈՒ հրամանատար, բանակի գեներալ Հասան Աքսայը.
«Այսօրվանից սկսած մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Մեր ինքնաթիռը պատրաստ կլինի 25 տարի անց: Տարածաշրջանում մենք ունենք ամենահզոր ՌՕՈՒ-ն և հպարտանում ենք դրանով»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ագօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը 2004 թվականի հունվարի 6-ին թերթում հրապարակել էր մի հոդված, որում նշել էր, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից որդեգրված և հետագայում Թուրքիայի առաջին կին օդաչոն դարձած Սաբիհա Գյոքչենն ազգությամբ հայ է, և որ նրա իրական անունը Հաթուն Սեբիլջիյան է:
Փետրվարի 21-ին Դինքի հոդվածն արտատպել էր Թուրքիայի ազդեցիկ թերթերից մեկը` Hürriyet-ը, ինչը թուրք հասարակության շրջանում տեղիք էր տվել ռասիստական այլանդակ դրսևորումների:











































