Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն, մեկնաբանելով Ռիգայում ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքները, Թբիլիսիում կոչ է արել դադարել պատրանքներով ապրել և Արևմուտքի ու Ռուսաստանի հետ զբաղվել իրական քաղաքականությամբ:
«Ես նախազգուշացնում էի, որ Ռիգայում Վրաստանը չի ստանա այցագրային ազատականացում ու ցանկացած այլ առաջխաղացում ԵՄ-ի ճանապարհին»,- ասել է Բուրջանաձեն «Մաեստրո» հեռուստաընկերության հետ զրույցում:
«Ինձ դրա համար մեղադրում էին «ռուսամետ քաղաքականության» մեջ, սակայն հարկավոր է անել թեկուզ և տհաճ, սակայն ճիշտ անալիզ»:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանը զիջում է դիրքերը արտաքին քաղաքական թատերաբեմում: «Վրաստանում դժվարին սոցիալ-քաղաքական իրավիճակ է, դրան գումարեք Ուկրաինայի վիճակը: Այնպես որ, այցագրային ազատականացման պլանում Եվրոպան չցանկացավ հավելյալ գլխացավանք, քանի որ այդ երկրներից այնտեղ կարող է ուղևորվել շատ մեծ մարդկային հոսք»,- ասել է Բուրջանաձեն:
«Վրաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ Վրաստանի պատճառով ոչ ոք հակամարտության մեջ չի մտնի Ռուսաստանի հետ, ինչը լավ տեսանելի է թեկուզ ուկրաինական օրինակով»,- ասել է նա:









































