Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում բացվել է Եվրամիության գագաթնաժողովը՝ 6 նախկին խորհրդային հանրապետությունների մասնակցությամբ: Երկօրյա հանդիպումը տեղի է ունենում ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում՝ գրում է BBC-ն:
Գագաթնաժողովի բացմանը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մեղադրել է Մոսկվային իր հարևանների նկատմամբ «ագրեսիվ և ահաբեկող մարտավարություն» կիրառելու մեջ:
Տուսկը նշել է, որ չնայած ինտեգրման ծրագիրը Ռուսաստանը համարում է հետխորհրդային տարածքում իրեն ճնշելու միջոց՝ «Արևելյան գործընկերությունը» ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ունի մասնակից երկրների միջև համագործակցության զարգացման նպատակ:
«Եթե Ռուսաստանը լիներ առավել մեղմ, հմայիչ, հրապուրիչ, նա, հնարավոր է, ստիպված չէր լինի իր թերությունները փոխհատուցել հարևանների նկատմամբ ապակառուցողական, ագրեսիվ և ահաբեկող մարտավարությամբ»,- ասել է Տուսկը:









































