Հայաստանը հայտնվել է հայտնի մուլտֆիլմի հայտնի հերոսի վիճակում, որն աղիողորմ հեծկլտում է այն գիտակցումից, որ իր կյանքում ոչինչ չի փոխվում: Իսկապես, Հայաստանի հանրային-քաղաքական կյանքը կարծես տեղապտույտի վիճակում է հայտնվել. մենք արձանագրում ենք օրակարգի հարցերը, առաջ անցնում առանց դրանք լուծելու, հետո հաջորդը արձանագրում, դարձյալ առաջ անցնում առանց լուծում տալու, և այսպես շարունակ, մինչև նորից հանգում ենք առաջին հարցին:
Դա, թերևս, երևում է նաև քաղաքական գործիչների ելույթներից, մամուլի հրապարակումներից. ու ամեն անգամ, ասենք, մամուլի արխիվը վերընթերցելիս կամ քաղաքական գործիչների ելույթները հետահայաց ուսումնասիրելիս դեժավյուի զգացում ես ունենում. մենք անընդհատ պտտվում ենք նույն հարցերի շուրջ, նույն հարցերի շուրջ խոսում նույն շեշտադրումներով, բերում միևնույն փաստարկները: Նույնը, թերևս, տեղի է ունենում նաև անհատական մակարդակով. յուրաքանչյուրն ընկել է իր շրջապտույտի մեջ ու անվրդով պտտվում է: Եվ միակ բանը, որ «մխիթարում է», ակնհայտ ետընթացն է, ինչը նշանակում է, որ մենք բացարձակապես անշարժ վիճակում չենք: Եվ, այնուամենայնիվ, մենք հայտնվել ենք հայտնի մուլտֆիլմի հայտնի հերոսի վիճակում. մենք կորցրել ենք մեր երազը և այդ երազը գտնելու հրամայականի առաջ ենք կանգնած:
Իսկ ո՞րն է մեր երազը. ապրել մի երկրում, որտեղ ապրելու իրավունքը հավասար է բաշխված, որտեղ մարդիկ առավոտյան հաճույքով են աշխատանքի գնում և վերադառնում սեփական գործի կարևորության և սեփական գործից բավարարվածության գիտակցումով, որտեղ երեկոյան ընտանիքը հավաքվում է հաճելի ընթրիքի, որտեղ հեռուստացույցով նայելու բան կա, թատրոն ու կինո գնալու տրամադրություն, որտեղ փողոցները մաքուր են, մարդիկ բարեհամբույր, որտեղ ընտրության գնալը և քվեարկելն ավելորդ լարվածություն չի պահանջում, որտեղ ընտրատեղամասերի առաջ հաստագլուխների կուտակումներ չկան, որտեղ մարդիկ չեն վախենում իրենց երեխաների ապագայի համար և իրենց երեխաների ապագան կապում են հենց այդ երկրի հետ, որտեղ մարդիկ վստահությամբ են մտածում իրենց վաղվա օրվա մասին: Մեզ, իսկապես, պետք է գտնել մեր երազը, բայց պարզվում է, որ երազը գտնելու համար պետք է պատրաստ լինել նոր անքուն գիշերներ անցկացնել` գուցե բազմաթիվ անքուն գիշերներ: Այլապես մղձավանջը կարող է չնահանջել:










































