«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցի 2010-2011 թթ. հիմնական արդյունքները, որ հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից:
Արդեն 10 տարի է, ինչ հրապարակվում է այս զեկույցը: Այն այս տարի գնահատել է աշխարհի շուրջ 138 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը: Ուսումնասիրությունների արդյունքում ցանցային պատրաստվածության տեսանկյունից լավագույն արդյունքներն են գրանցել Շվեդիան, Սինգապուրը և Ֆինլանդիան: Ի դեպ, Շվեդիան և Սինգապուրը նախորդ տարի էլ են եղել նույն դիրքում, մինչդեռ Ֆինլանդիան առաջադիմել է 3 հորիզոնականով: Անցած տարի 3-րդ տեղում գտնվող Դանիան թուլացրել է իր դիրքը և նահանջել 7-րդ հորիզոնական: Ինչպես և նախորդ տարի, լավագույն հնգյակում են ամրապնդվել Շվեյցարիան և ԱՄՆ-ն (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ դիրք):
Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով աշխարհում 109-րդն է. նախորդ տարվա համեմատությամբ, զիջել է իր դիրքերը 8 տեղով, չնայած բացարձակ արժեքով գնահատականը աճել է 0.04 միավորով:








































