Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, պատասխանել է խորհրդարանականների հարցերին:
Ֆրանսիական խորհրդարանականն Էրդողանին հարցրել է, թե Թուրքիայում ինչպես են երաշխավորվում կրոնական փոքրամասնությունների իրավունքները, ինչին ի պատասխան Էրդողանը նշել է.
«Ես Ձեզ հրավիրում եմ այցելել Թուրքիա և տեղում ստանալ այդ հարցի պատասխանը: Մեզ ասում էին, որ ցանկանում ենք պատարագ անցկացնել Սյումելայի վանքում, և մենք նախորդ տարի թույլատրեցինք դա: Վանի հայկական եկեղեցին փլուզվում էր, մենք մեր գումարներով վերանորոգեցինք այն ու բացեցինք աղոթքի համար:
Մենք երաշավորում ենք, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի աղոթելու հնարավորություն ունենա։ Մեր երկրում ոչ ոք չի կարող ասել, թե ինքը չի կարողանում աղոթել»։
Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիան ԵԽ-ին անդամակցել է ուղիղ 63 տարի առաջ` 1950 թվականի ապրիլի 13-ին:
Հիշեցնենք, որ Էրդողանն առաջնորդվում է ժամանակի պահանջով: 2010 թվականի նոյեմբերի 9-ին Եվրահանձնաժողովի (ԵՀ) հրապարակած ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան զեկույցի հրապարակումից առաջ Թուրքիայում գրանցվեցին մի շարք «քրիստոնեական ռեկորդներ».
բազմամյա ընդմիջումից հետո առաջին անգամ պատարագներ անցկացվեցին Տրապիզոնի Սյումելա վանքում (88-ամյա ընդմիջումից հետո, օգոստոսի 15-ին), Աղթամարի Սուրբ Խաչ (95-ամյա ընդմիջումից հետո, սեպտեմբերի 19-ին) և Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցիներում (32-ամյա ընդմիջումից հետո, հոկտեմբերի 25-ին):
Այս ամենը ԵՄ-ին ի ցույց էր դնելու թուրքական իշխանությունների հանդուրժողականությունը երկրում բնակվող քրիստոնյաների նկատմամբ և նպաստելու էր ԵՀ զեկույցում Թուրքիային առնչվող բարենպաստ կետերի ներառմանը:
Ինչ վերաբերում է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգմանն ու վերաբացմանը, ապա դա կազմում է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյա տարեդարձը) Վանը` աշխարհի ամենագրավիչ վայրը վերածելու պլանի բաղկացուցիչ մասը:











































