Հայաստանում փաստորեն սնանկանում է երկրորդ մոնոպոլիստը՝ Հայաստանի էլցանցերը, որը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությանը: Այդ ընկերությունը մոնոպոլ կարգավիճակ ունի էլեկտրաէներգիան արտադրողից սպառողին հասցնելու մասով և այսօր հայտնվել է սնանկության շեմին՝ կուտակելով մոտ 300 միլիոն դոլար պարտք: Սնանկությունից ու ճգնաժամից խուսափելու համար դրվել է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հարց: Այսինքն՝ մոնոպոլիստի տապալման համար պետք է վճարեն հացի գումարն անգամ դժվարությամբ հայթայթող քաղաքացիները: Եվ սա այն դեպքում, երբ սնանկացող էլցանցերի մենեջերական կազմը, մեղմ ասած, վայելում է կյանքն իր նյութական հրաշալիքներով: Ըստ որում՝ Հայաստանի իշխանություններն ընդունում են, որ իրավիճակն առաջացել է վատ կառավարման հետևանքով:
Հայաստանում զարմանալի պատկեր է ստացվում: Մոնոպոլիստները սնանկանում են վատ կառավարման հետևանքով՝ բեռը թողնելով պետության կամ հասարակության ուսերին: Հայաստանի Հանրապետությունը դեռ չի կարողացել մարսել օդային ավիափոխադրումների մոնոպոլիստի՝ «Արմավիայի» խորհրդավոր սնանկացումը, հիմա պետք է մարսի Հայաստանի էլցանցերի սնանկացումը կամ պարտքային բեռը: Հետաքրքիր է, թե ով է լինելու հաջոր մոնոպոլիստը, որ կա՛մ պետք է սնակնանա, կա՛մ պետք է իր վատ կառավարման բեռը բարդի հասարակության վրա ու շարունակի վայելել կյանքը:
Այսպես ասած, պաշտոնական մոնոպոլիա ունի նաև «Գազպրոմը»: Ոչպաշտոնական մոնոպոլիստներ էլ Հայաստանում շատ կան: Ըստ էության ստացվում է, որ դեռ բավարար չէ՝ ստանձնելով մոնոպոլ կարգավիճակներ՝ այս ընկերությունները, տնտեսվարողները, ըստ էության, արգելակում են տնտեսական զարգացումը, քանի որ տնտեսությունը զարգանում է մրցակցային պայմաններում, դեռ մի բան էլ սնանկության և կոլապսի են հասցնում իրենց ոլորտների իրավիճակը:
Այստեղ որևէ գաղտնի՞ք կա, թե ամեն ինչ առավել քան պարզ է: Սա հասկանալու համար պետք է կատարվեն գործողություններ, որոնք առնվազն պետք է հանդիսանան ստեղծվող իրավիճակների տրամաբանական արձագանքը: Օրինակ, երբ «Արմավիան» դառնում է սնանկ և կուտակում միլիոնավոր պարտքեր՝ ապականելով Հայաստանի երկինքը, Հայաստանի խորհրդարանում առնվազն պետք է ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որի առաջ պետք է դրվի խնդիրն անհապաղ ուսումնասիրելու և նյութերն էլ իրավապահ համակարգին փոխանցելու հարց՝ հասկանալու համար, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ մոնոպոլ կարգավիճակ, որևէ մրցակից չունեցող ընկերությունը սնանկանում է: Այն էլ մի երկրում, որտեղ օդային դարպասը հիմնականներից մեկն է, և պահանջարկի հարց պարզապես գոյություն չունի:
Նույն կերպ, պետք է հասկանալ՝ եթե ոչ անմիջապես իրավապահների, ապա առնվազն խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մակարդակով, թե այդ ինչպե՞ս է սնանկության ու պարտքերի հասնում մոնոպոլ կարգավիճակով ընկերությունը, այն էլ մի երկրում, որտեղ կա, օրինակ, ատոմակայան, կա, օրինակ, էլէներգիայի վարձավճարների բավական բարձր հավաքագրում:
Բայց, այդ ամենն ուսումնասիրելու դեպքում երևի պարզ կդառնա, որ այս ընկերությունների հիմնական խնդիրները, ըստ էության, կապ չունեն տնտեսության հետ: Մոնոպոլ կարգավիճակ ստացող՝ գրված կամ չգրված կարգավիճակ ունեցող ընկերությունների գլխավոր խնդիրը քաղաքականն է՝ երկու ճյուղավորումով: Մոնոպոլիստներն ապահովում են Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա և միաժամանակ ապահովում են Հայաստանում իշխանական համակարգի հակասահմանադրական կենսագործունեությունը: Տնտեսական բաղադրիչը այս խնդիրների սպասարկման համար է միայն: Ուսումնասիրել մոնոպոլիստների գործունեությունը, ենթարկեցնել այդ գործունեությունը հայաստանյան օրենսդրությանը՝ կնշանակի ըստ էության խափանել այդ կառույցների կարևոր, առաջնային նպատակները, ինչը նույնն է թե՝ կտրել այն ճյուղը, որի վրա նստած է Հայաստանի իշխանական համակարգը: Ավելին՝ այդ ճյուղի վրա նստած է, ըստ էության, կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության համակարգը՝ առնվազն զգալի մասով: Կարելի է պատկերացնել, թե ինչքան բարձր են խաղադրույքները հայաստանյան մոնոպոլիաների պարագայում: Ինչքան բարձր են խաղադրույքները, այնքան բարձր են գները, որ պարտադրում են վճարել Հայաստանի քաղաքացիներին: Հայաստանի քաղաքացիներին էլ մոնոպոլիա են տվել՝ պարզապես վճարելու մոնոպոլիան, որից հրաժարվել առ այսօր չի հաջողվել ու չի հաջողվելու: Իսկ եթե դա չհաջողվի, եթե Հայաստանի հասարակությունն անկարող լինի հրաժարվել վճարելու մոնոպոլիայից, որ պարտադրված է նրան, չի հաջողվի պետությունը դուրս բերել այն արատավոր շրջանից, որում հայտնվել է անկախության 24-րդ տարում:









































