ԱՄՆ-ը քննարկում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը՝ ՄԱԿ-ի բանաձևերը կատարելուց Փխենյանի հրաժարվելու առնչությամբ: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Հարավային Կորեայի ղեկավարի հետ հանդիպման արդյունքներով:
Քերին նշել է, որ Հյուսիսային Կորեայի քաղաքականությունը վկայում է միջուկային խնդրի և բալիստիկ հրթիռների մշակման խնդրի վերաբերյալ երկխոսություն վարելու ցանկության բացակայության մասին: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան «նույնիսկ չի մոտեցել չափանիշներին», որոնց դեպքում կարելի է սկսել բանակցությունները:
Միաժամանակ, Քերին օրինակ բերել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունները՝ նշելով, որ այդպիսով կարող էր երկխոսություն սկսվել նաև Հյուսիսային Կորեայի հետ:
Հյուսիսային Կորեայի դեմ գործում է միջուկային զենքի մշակման հետ կապված միջազգային պատժամիջոցների ռեժիմ: 2013 թ. ՄԱԿ-ը խստացրել է պատժամիջոցային ռեժիմը՝ Փխենյանի հերթական միջուկային փորձարկումների հետ կապված:











































