Պարսից ծոցի արաբական երկրները դեմ են մայիսի կեսերին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կայանալիք արաբական երկրների առաջնորդների հանդիպմանը:
Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Բահրեյնի պետական տեղեկատվական գործակալությունը:
«Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրները (ՊԾԱՊՀԽ) պնդում են մայիսին պլանավորված հանդիպման հետաձգման հարցը»,- Մանանայում հայտարարել է Բահրեյնի արտաքին գործերի նախարար, շեյխ Խալիդ բեն Ահմեդ Ալ-Խալիֆան:
ՊԾԱՊՀԽ-ի կազմում են վեց երկրներ` Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:
Բահրեյնի ԱԳ նախարարի պահանջը պայմանավորված է Խորհրդի անդամ երկրների և Իրաքի միջև հարաբերությունների սրմամբ: Իրադրությունը լարված է նաև բուն Բահրեյնի Թագավորությունում:
Անցյալ ամսվա վերջին Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին, անդրադառնալով տարածաշրջանի իրադրությանը, արաբական երկրների որոշ ղեկավարների անվանել է «վախկոտ միապետներ» և օրինակ բերել այն հանգամանքը, թե ինչպես են «Բահրեյնի, Լիբիայի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները արձագանքում իրենց ժողովրդի պահանջներին և ընկրկում»: Բացի այդ, Իրաքի վարչապետը բացեիբաց հանդես է եկել Բահրեյնի շիա բնակչության պաշտպանությամբ, որը Թագավորությունում դեմոկրատական փոփոխություններ պահանջող մեծամասնության կորիզն է կազմում:
Ավելի վաղ գագաթնաժողովի անցկացման դեմ է հանդես եկել Արաբական երկրների լիգան` կապված Արաբական արևելքում տիրող լարված իրավիճակի հետ:











































