Կիրակի օրը՝ մայիսի 17-ին, երեք մարզերի 22 համայնքներում հանրաքվե էր անցկացվում համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում: Այդպիսով համայնքների բնակիչները քվեարկում էին՝ կո՞ղմ են, որ իրենց համայնքը միավորվի, թե՞ ոչ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ Լոռու մարզի Աթանի, Ահնիձորի, Թումանյանի, Լորուտի, Մարցի, Շամուտի, Քարինջի համայնքները Թումանյանի համայնք անվանմամբ միավորելու օգտին կողմ է արտահայտվել քվեարկողների 68 տոկոսը կամ 1007 մարդ։
Սյունիքում Տաթևի, Շինուհայրի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները Տաթևի համայնք անվանմամբ միավորելու օգտին կողմ է արտահայտվել քվեարկողների 94 տոկոսը կամ 2668 մարդ։
Պիլոտային ծրագրում ընդգրկված երրորդ մարզում՝ Տավուշում, Աղավնավանքի, Գոշի, Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Խաչարձանի, Հովքի համայնքները Դիլիջանի համայնք անվանմամբ միավորելու օգտին կողմ է արտահայտվել քվեարկողների 70 տոկոսը կամ 1412 մարդ։
Նշենք, որ ԿԸՀ արդյունքները ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ համայնքներում միավորման հարցը միանշանակ չեն ընդունում: Շատ համայնքներում դեմ արտահայտվողների թիվն ավելի մեծ է, քան կողմ արտահայտվողներինը:
Լուսանկարը՝ hetq.am-ի









































