Հայաստանի կառավարությունը 160 հազար եվրո փոխհատուցման գումար է հաստատել, որոնք տրվելու են Հայաստանի քաղաքացիներին՝ Հայաստանի դատարաններում նրանց հանդեպ կայացված անօրինական վճիռների փոխհատուցման համար՝ ի կատարում այդ հարցերով ՀՀ քաղաքացիների ներկայացված գործերով ՄԻԵԴ վճիռների:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այդ կապակցությամբ հայտարարել է, որ Հայաստանի ցուցանիշները վատ չեն, և վերջին հինգ տարվա ընթացքում ՄԻԵԴ վճիռներով Հայաստանն ընդամենը 550 հազար եվրո է հատկացրել նման փոխհատուցումների համար՝ այն դեպքում, երբ հարևան Ադրբեջանի, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների դեպքում ցուցանիշները անցնում են միլիոնը կամ միլիոնները: Մխիթարական է իհարկե, բայց Հայաստանի հասարակությունը վաղուց է դուրս եկել խնդիրները այդօրինակ համեմատություններով ու չափումներով դիտարկելու «տարիքից», հասկանալով, որ յուրաքանչյուր պետություն այդ առումով չափելի է միմիայն ըստ իր խնդիրների ու մարտահրավերների, հետևաբար՝ իրավիճակի գնահատումն ու լուծումներն էլ չափելի են ըստ այդմ:
Իսկ երկրում, որտեղ բնակչության գրեթե կեսն աղքատ է, կես միլիարդ եվրոն հսկայական փող է, եթե հաշվի առնենք, որ այն վճարվում է ինչ-որ մեկի սխալի, անօրինականության հետևանքով: Խոսքը, բնականաբար, դատավորների մասին է: Ընդ որում՝ այս դեպքում խոսքը սխալի մասին էլ չէ, քանի որ այդպիսի որոշումները կայացվում են ոչ թե սխալի, այլ ցուցումի, պատվերի, հանձնարարության հիման վրա: Այսինքն՝ խնդիրը դատական սխալները չեն, այլ դատարանի անկախությունը, ավելի ճիշտ՝ անկախ դատարանի բացակայությունը:
Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ սխալ է այդ փոխհատուցումների պատասխանատվությունը թողնել վճռի հեղինակ դատավորների վրա, քանի որ այլ երկրներում այդպիսի պրակտիկա չկա, և եվրոպական իրավունքի տեսակետից էլ դա անընդունելի է:
Կրկին հանգում ենք համեմատության «դարն» ապրած չափանիշներին, որովհետև նախ ամեն երկիր ունի իր առանձնահատկությունը, խնդիրներն ու հրամայականները, դրանից բացի էլ՝ եվրոպական իրավունքը սահմանված է եվրոպական միջավայրի համար, որտեղ մարդու իրավունքը գերակա արժեք է, որտեղ դատական համակարգի հանդեպ առկա է հանրային վստահություն, որտեղ դատարաններն անկախ են և ենթակա օրենքին ու Սահմանադրությանը, իրավունքին, ոչ թե գործադիր իշխանությանը:
Հետևաբար, մեղմ ասած, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ խնդիրը այստեղ ոչ թե դատավորների վրա պատասխանատվություն դնելիս եվրոպական իրավունքի հետ հակասությունն է,- ի վերջո ընտրություն կեղծելը, բիզնեսն ու իշխանությունը համատեղելը ևս կարծեք թե եվրոպական ու միջազգային իրավական նորմերի հետ հակասության մեջ գտնվող երևույթներ են, բայց Հայաստանում բավական լայն կիրառում ունեն,- այլ հակասությունը Հայաստանի իշխանական համակարգի «օրենքի ու իրավունքի» հետ:
Եթե դատավորների վրա դրվի պատասխանատվություն իրենց իսկ անօրինական որոշումների կայացման համար փոխհատուցումների մասով, ապա դա կխարխլի Հայաստանի աբողջ իշխանական համակարգի հիմքը, քանի որ դատական համակարգի ենթակայությունը այդ հիմքի շաղախի կարևորագույն բաղադրիչ է, առանցքային բաղադրիչ: Դա կարող է դառնալ դատավորների անկախության յուրօրինակ խթան, որևէ դատավոր չի ցանկանա ենթարկվել որևէ իշխանական որոշման, հրահանգի կամ ցուցումի, եթե գիտե, որ դրա համար կարող է մեկ կամ երկու տարի հետ ստիպված լինել վճարել հազարավոր եվրոներ: Դա կբերի դատական համակարգի ընդվզման, կառաջացնի համակարգի կառավարելիության խնդիր, ինչն էլ կարող է հանգեցնել ներհամակարգային ցնցումների, կոլապսի, ֆորս-մաժորի: Այդ պատճառով էլ Հայաստանի գործադիր իշխանության համար անընդունելի է դատավորների վրա սխալների, անօրինական որոշումների համար պատասխանատվություն դնելը:
Կամ էլ՝ դատավորները կարող են սկսել ավելի բարձր գին պահանջել գործադիր իշխանության ենթակայության տակ մնալու, հանձնարարությունները, ցուցումները կատարելու համար, որպեսզի, այսպես ասած, փոխհատուցվի հնարավոր փոխհատուցումների համար անձնական գրպանից վճարվելիք գումարը: Միաժամանակ, նաև նույն բարձր գինը կներկայացվեն օլիգարխներին, որոնց շահերը ևս Հայաստանի դատարաններում պաշտպանվում են սրբորեն՝ քաղաքացիների շահերից, օրենքից և Սահմանադրությունից: Թեև այստեղ, իհարկե, օլիգարխիան, մեծ հաշվով, հենց նույն իշխանություն ասվածն է:
Այսինքն՝ այս դեպքում էլ կարող է խթանվել, այսպես ասած, արհեստական թանկացում: Իսկ իշխանությունը հաճույքով և պատրաստակամությամբ թանկացնում է բնակչությանը մատուցվող ծառայություններն ու ապրանքները, իսկ այն ամենը, ինչից հենց ինքն է օգտվում, իշխանությունը այնքան էլ հակված չէ հենց այնպես թանկացնելու:
Մյուս կողմից, իհարկե, հարաբերական է պատասխանատվությունը դատավորների վրա դնելու լուծման արդարացիությունը: Վերջին հաշվով, գուցե նույնքան արդարացի է պատասխանատվությունը ոչ թե դատավորի վրա դնել, այլ այսպես ասած՝ պատվիրատուի վրա, այսինքն՝ այն պաշտոնյայի կամ օլիգարխի, որի պատվերով կամ հանձնարարությամբ էլ կայացվել է անօրինական դատավճիռը: Կամ պատասխանատվությունը դրվի կիսովի, այսինքն՝ 50/50, ինչը լովին համահունչ կլինի Հայաստանի իշխանական համակարգի «իրավունքին», բարքերին ու ուղենիշներին:
Լուսանկարը՝ MEDIAMAX-ի









































