Ապրիլի 8-ի հանրահավաքում ՀՀ Առաջին նախագահի ելույթը կրկին տարաբնույթ թեժ քննարկումների թեմա է դարձել:
Սակայն այսօր անդրադառնանք վերջին օրերին իշխանությունների` ամենագլխավոր «արդարացում-պարզաբանումներին»: Մեկ կենտրոնից` վստահաբար նախագահականից, հրահանգ է իջել հանրությանը,«բացատրել», որ ամենաքաղաքակիրթ երկրներում, աշխարհի տարբեր քաղաքներում գոյություն ունեն հանրահավաքների համար արգելված վայրեր: Օրինակ` երեկ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը պարբերաբար ՀԱԿ-ին արգելում Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել, պատասխանել է.«Նախ` մենք չենք արգելում հանրահավաքը, և չկա ինչ-որ կողմնակալ վերաբերմունք. օրինակ` ՀԱԿ-ին չենք թողնում, Ժողովրդական կուսակցությանը թողնում ենք։ Եվ չի լինելու դա։ Եթե չենք թողնում, ապա բոլորին չենք թողնում համապատասխան հիմնավորումով։ Մատենադարանը, կարծում եմ, 500-700 մետր է դրանից հեռու։ Երբ որ ասում են՝ խոսքի ազատության ոտնահարում, ես կփորձեմ այսպես ձևակերպել՝ ես համաձայն չեմ դրա հետ»։
Իսկ ամեն ինչ սկսվեց ապրիլի 8-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի` Ազատության հրապարակի առնչությամբ տրված գնահատականներից: Մասնավորապես, Լ.Տեր-Պետրոսյանը նշեց, որ թեև «Հավաքների ազատության մասին» ՀՀ նոր օրենքի առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում Ազատության հրապարակը դեռևս նշված չէ արգելված տարածքների շարքում, բայց դա, ըստ նրա, «արված է միայն հասարակությանը նախապես չգրգռելու նպատակով, և այդ առաջարկն, ըստ երևույթին, արվելու է գաղտագողի, օրինագծի վերջնական քվեարկությունից անմիջապես առաջ»։ Լ.Տեր-Պետրոսյանն այնուհետև ամփոփեց. «Եթե իշխանություններն իսկապես այդպիսի մտադրություն ունեն, ապա դա, 2008թ. մարտի 1-ի սպանդից ու համատարած քաղաքական հալածանքների սանձազերծումից հետո, կլինի նրանց ամենամեծ սխալը, որն ուղղակի կպայթեցնի երկրի` առանց այդ էլ գերլարված ներքաղաքական իրավիճակը։ Եթե իշխանությունները մինչև հիմա չեն հասկացել, թե հայ ժողովրդի համար ինչ նշանակություն ունի Ազատության հրապարակը, ապա ժամանակն է հասկանալ։ Դա ոչ թե քաղաքական միջոցառումների անցկացման սովորական վայր է, այլ խորհրդանիշ։ Այստեղ է ծնունդ առել հայկական ժողովրդավարությունը, այստեղ է կերտվել Հայաստանի անկախությունը, այստեղ է դրվել Արցախի ազատագրության հիմքը։ Եվ ոչ մի իշխանություն, որքան էլ ամենազոր, չի կարող ժողովրդից խլել այդ խորհրդանիշը։ Դա նույնն է, թե անգլիացիներին արգելեն հանրահավաքներ անցկացնել Թրաֆալգարի հրապարակում կամ ֆրանսիացիներին՝ Բաստիլի և Կոնկորդի հրապարակներում»։
Պետք է պատկերացնել միայն, թե մեր իշխանություններն ինչ աստիճանի անզոր են Կոնգրեսի կողմից տարբեր ոլորտների առնչությամբ գոյություն ունեցող խնդիրների շուրջ հնչած գնահատականների վերաբերյալ հակափաստարկներ բերելու հարցում, որ Հանրային հեռուստատեսության լրագրողին գործուղել էին Լոնդոն, որպեսզի ՙդեպք վայրից՚ պատմեր, թե` չնայած Թրաֆալգարի հրապարակը բաց է ամեն տեսակ զանգվածային միջոցառումների և հանրահավաքների համար, սակայն այստեղ մինչ օրս արգելված են Հյուսիսային Իռլանդիային վերաբերող հանրահավաքները…
Մառախլապատ Լոնդոնից կիրակնօրյա «Հայլուրը» պատմում էր, թե Հյուսիսային Իռլանդիայի խնդրով հանրահավաքից և դրան հաջորդած «Արյունոտ կիրակի» անունը ստացած դեպքերից հետո, երբ սպանվել էին 13 խաղաղ ցուցարարներ, բանավեճը հավերժական է, իսկ Թրաֆալգարի հրապարակի շուրջ վեճը շարունակվում է անգամ այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը արձանագրեց, որ Լոնդոնի մայրաքաղաքային իշխանության կողմից այդ հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը չի խախտում բրիտանացիների` հավաքներ անցկացնելու իրավունքը:
Նախ նկատենք, որ բրիտանացիների այս հրապարակում զանգվածային հանրահավաքներ անցկացնելն ասոցացվում է հյուսիսիռլանդացիների քաղաքացիական ու քաղաքական ազատությունների համար պայքարի հետ, ինչը, բնականաբար, ցավոտ խնդիր է, և այստեղ Եվրոպական դատարանի եզրակացությունը ամենևին էլ զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ մեր իշխանությունները լծվել են աշխարհի քարտեզի վրա հայտնի քաղաքների փնտրտուքին, պեղում են և փորձում ապացուցել, որ հասարակական վայրերը զանգվածային միջոցառումների համար քաղաքակիրթ երկրներում էլ են արգելվում:
Բայց ներեցեք, հյուսիսիռլանդական խնդիրը և Հայաստանում ժողովրդավարության ամենագլխավոր չափորոշիչը` 2008թ. փետրվարյան նախագահական կեղծված ընտրություններից հետո մարդու ազատ ընտրելու իրավունքի պաշտպանությունից ծնված պայքարը, միմյանց հետ համեմատելի՞ են: Թե՞ Ազատության հրապարակն է ռազմավարական օբյեկտ, կամ գուցե այստեղ նաև նախագահական նստավա՞յր է… Ո՞ւմ եք պաշտպանում, և կարևորը` ումի՞ց եք պաշտպանում…
Իշխանությունների նպատակը պարզ է… Բայց նաև հստակ պետք է լինեն Ազատության հրապարակի «փակման», «մաքրման» կամ այլ ձևակերպումների հնարավոր հետևանքները հասարակական ընկալման մեջ:
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ» օրաթերթ










































