Իրավապաշտպանները Կոտ դ’Իվուարի նախագահ Ալասանա Ուատտարային կոչ են արել դադարեցնել իր նախկին հակառակորդ Լորան Գբագբոյի կողմնակիցներին հետապնդելու քաղաքականությունը:
Amnesty International կազմակերպության տվյալներով` Աբիջանում զինված մարդիկ տուն առ տուն ստուգում են, որ հայտնաբերեն Գբագբոյի կողմնակիցներին, որը երկար ժամանակ հրաժարվում էր փոխանցել իշխանությունը: Արևմտյան շրջանների շատ բնակիչներ ստիպված են թաքնվել խուզարկությունների և իրենց գյուղերի հրդեհումների ժամանակ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ուատտարային հավատարիմ զինվորականները երկուշաբթի օրը՝ Աբիջանում նախկին նախագահի նստավայրը մեկ շաբաթ պաշարելուց հետո, ձերբակալել են Գբագբոյին:
Երկրում չորս ամիս ընթացող ռազմական բախման հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ, հարյուր հազարավոր մարդիկ գաղթել են:








































