Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողսյանը բացահայտ հայտարարեց, թե ինչու է Հրանուշ Հակոբյանը ժամանակից շուտ Հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում 5 միլիոնի պակասորդ հայտնաբերել:
Նրա խոսքերով, Հոգաբարձուների խորհրդի նիստը պատասխանն էր տարվա ընթացքում հիմնադրամի հետ սփյուռքի նախարարի ունեցած հակասությունների: Իսկ հիմնադրամի և սփյուռքի նախարարության միջև առաջին կոնֆլիկտը եղել է այն, որ 2010 թ. ապրիլի 22-ին Թամարա Պողոսյանին կանչում են սփյուռքի նախարարություն և առաջարկում կնքել պայմանագիր համահայկական մշակութային մասնագիտական համաժողովների անցկացման համար: Երբ հարցնում է, թե սա ինչ որոշում է, ասում են՝ կառավարության 2009 թ. որոշմամբ, մասնագիտական համաժողովները դուք պետք է իրականացնեք, և ամսի 24-ին մասնագիտական համաժողովը սկսվում է: «Ես ասում եմ՝ 22-ն է, ի՞նչ համաժողովի մասին է խոսքը: Պատասխանում են, թե՝ տիկին Պողոսյան, քանի որ դուք շատ զբաղված եք եղել, այդ ծրագիրն արդեն ուրիշ կազմակերպություն իրականացրել է: Այս պայմանագիրը կնքեք՝ ձեր գործառույթները փոխանցելու համար: Ես, բնականաբար, այդ պայմանգիրը չկնքեցի: Այս խոհանոցը երբ բացահայտվեց, հասկացա, թե ինչ է կատարվում: Երբ ես չստորագրեցի, նրանք շոկի մեջ ընկան, քանի որ նրանց ամբողջ սխեման քանդվեց: Հակառակ դեպքում բոլոր ծրագրեը պետք է դեմ տային, իրենք անեին, ես էլ այդ թղթերը ստորագրեի: Հայտարարում եմ՝ ուզում են ինձ դատեն, ինչ ուզում են անեն՝ սա փողեր լվանալու սխեմա է:
Հրանուշ Հակոբյանը կանգնեց փաստի առաջ, որ տիկին Պողոսյանը էն կինը չի, որին կանչես ասես՝ արի ստորագրի, նա էլ ստորագրի: Ահա թե ինչ է կատարվում, երբ քաղաքական հենարան չունես և ոչ մի օլիգարխ սիրեկան չունես: Իմ դեպքում ստացվեց այն, ինչ ստացվեց»,- ներկայացրեց Թամարա Պողոսյանը:








































