Forbes-ը կազմել է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են ընկերության վերջին 3 տարվա եկամուտը և եկամտի վրա բրենդի ազդեցության գործակիցը տարբեր ոլորտներում:
100 ամենաթանկ ապրանքանիշների վարկանիշային աղյուսակում տեղ են գտել 15 երկրների բրենդներ 20 ոլորտից: Գործնականում վարկանիշի գրեթե 50%-ը ամերիկյան բրենդներն են:
Թոփ-100-ում հիմնականում ընդգրկվել են ավտոմոբիլային ու բարձրտեխնոլոգիական բրենդներ:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Apple ընկերությունն է: Նրա բրենդը նվազագույնը կրկնակի թանկ է Forbes-ի վարկանիշի ցանկացած այլ բրենդից՝ 145.3 մլրդ դոլար: 2014թ. վերջին եռամսյակում ընկերությունը վաճառել է 74.8 մլն սմարթֆոն ամբողջ աշխարհում՝ առաջ անցնելով Samsung-ից:

Երկրորդ հորիզոնականում Microsoft ընկերության բրենդն է, որի արժեքը գնահատվում է 69.3 մլրդ դոլար: Առաջատարների եռյակում է Google-ը: Ընկերության բրենդը գնահատվել է 65.6 մլրդ դոլար:


4-րդ հորիզոնականում Coca-Cola-ն է՝ 56 մլրդ դոլարով, 5-րդում՝ IBM-ը (49.8 մլրդ դոլար), 6-րդում՝ McDonald`s-ը (39.5 մլրդ դոլար), 7-րդում՝ Samsung-ը (37.9 մլրդ դոլար), 8-րդում՝ Toyota-ն (37.8 մլրդ դոլար), 9-րդում՝ General Electric-ը (37.5 մլրդ դոլար):






Տասնյակը եզրափակում է Facebook-ը: Սոցցանցի բրենդը գնահատվել է 36.5 մլրդ դոլար:

Վարկանիշային աղյուսակի 20-յակում են հայտնվել Disney-ը, AT&T-ը, Amazon-ը, Louis Vuitton-ը, Cisco, BMW-ը, Oracle-ն, Nike, Intel-ը, Wal-Mart-ը:


















































