Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները հաջողություն են մաղթում Մյունխենի«Բավարիա»-ին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի հետ պատասխան խաղում: Այդ մասին հայտարարել է դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Բնականաբար, հաջողություն ենք մաղթում «Բավարիա»-ին: Այդ մասին ասել եմ դեռ կատալոնացիների դեմ նախորդ խաղից առաջ: Եթե հաշվի առնենք առաջին խաղի արդյունքը, ապա մյունխենցիների համար շատ դժվար կլինի եզրափակչի ուղեգիր նվաճել: Սակայն վստահ եմ, որ «Բավարիա»-ն կկարողանա հաղթահարել դժվարությունները»,- Sport-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Առաջին դիմակայությանը Խոսեպ Գվարդիոլայի սաները կատալոնացիներին զիջել են 0:3 հաշվով:








































