Տուլայի «Արսենալ»-ի հարձակվող Արթուր Մալոյանի կարծիքով՝ թիմն արժանի է պահպանել Պրեմիեր լիգայում իր գրանցումը:
«Ես վստահ եմ, որ մեր ֆուտբոլը դուր է գալիս հանդիսատեսին: Որոշ թիմեր ավելի փակ խաղ են ցուցադրում՝ ավելի շատ խաղալով արդյունքի համար: Կարծում եմ՝ մրցաշարային աղյուսակի երկրորդ ութնյակի լավագույն թիմն ենք: Գումարած մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում:
Մեր առջև խնդիր է դրված ցանկացած գնով պահպանել Պրեմիեր լիգայի գրանցումը: Մենք պարտավոր ենք անել դա, քանի որ մեր որակներով արժանի ենք տեղ զբաղեցնել էլիտայում»,-«Лента.ру»-ն մեջբերում է Մալոյանի խոսքերը:
Ռուսաստանի առաջնության 27 տուրերից հետո «Արսենալ»-ը 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը:








































