Նյու Յորքի ոստիկանությունը կարողացել է ձերբակալել 3 թալանչիներին մակարոնի հետքերով։ Այս մասին հայտնում է The New York Daily News-ը։
Երեք տղամարդ թալանել էին ռեստորանը կիրակի։ Ահազանգի հետքերով ժամանած ոստիկանությունը հանցանքի վայրում հայտնաբերել է իրեր, որոնք թողել էին թալանչիները, այդ թվում՝ ձեռնոցներ, դրամարկղից մի քանի մետաղադրամներ և կիսատ կերված մակարոնով աղցաններ։
Ոստիկանության ծառայողներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ սննդի մնացորդների հետքը տանում է ռեստորանից ոչ հեռու գտնվող անտառը։ Հետքերով գնալով՝ նրանք կարողացել են գտնել թալանչիներին։
Հանցագործներին առաջադրվել են ավազակային կողոպուտի և խուլիգանության մեղադրանքներ։
Նշվում է, որ թալանչիները դրամարկղից տարել են 29 դոլար։











































