ԵՄ-ն կարող է հարաբերությունների նոր ձևաչափ ստեղծել «Արևելյան գործընկերության» այն երկրների համար, որոնք միությանը սերտ ինտեգրում չեն ուզում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
«Մենք պետք է խոստովանենք, որ մեր գործընկերները շատ տարբեր են: Ոմանք ավելի սերտ ինտեգրում են ուզում մեզ հետ, և այդ դեպքում մենք պետք է մտածենք, թե հետագա ինչ քայլեր են անհրաժեշտ: Դա նուրբ ներքին թեմա է ԵՄ-ի համար: Ուրիշներն էլ հետաքրքրված են այլ հարաբերություններով: Ուստի, մենք պետք է մտածենք՝ ինչպես է ավելի լավ շարունակել հարաբերությունները, հնարավոր է` նոր ձևաչափերով, որոնք դեռ պետք է ստեղծել»,- ասել է նա:
«Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի բազմակողմանի ծրագիրն է՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի և Ուկրաինայի հետ: Մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը:







































