Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է երեք տեղով և այժմ զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը:
«Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում ընդգրկված թիմերից միայն Հայաստանի հավաքականն է բարելավել իր դիրքը. Ռուսաստանը նահանջել է 5 տեղով և 18-րդն է, Սլովակիան նույնպես նահանջել է 5 տեղով և 27-րդն է, Մակեդոնիան նահանջել է 2 հորիզոնականով և 86-րդն է: B խմբի մյուս երկու թիմերը պահպանել են իրենց դիրքը. Իռլանդիան 34-րդն է, Անդորրան` 202-րդը:
Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին, հոլանդացիները երկրորդն են, Բրազիլիան` երրորդը: Ամենամեծ առաջընթացն ունեցել է Իսրայելի հավաքականը, որն իր դիրքը բարելավել է 25 հորիզոնականով և այժմ 33-րդն է: Նշենք նաև Վրաստանի ընտրանու առաջընթացը, որը վեր է բարձրացել 16 տեղով և զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը։