Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ հրատարակվել է իրենց հանդեսի 3-րդ համարը, որը կոչվում է «Վարձք»: Եթե նախորդը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի ներկայիս վիճակը, ապա նորը ամբողջությամբ նվիրված է ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների վիճակին: «Ադրբեջանի պարագայում ավելի դժվար է նոր թարմ տվյալներ ձեռք բերել, քան, օրինակ, Արևմտյան Հայաստանից, քանի որ, ի տարբերություն Արևմտյան Հայաստանի, Ադրբեջան հնարավոր չէ մուտք գործել»,- արձանագրեց Սամվել Կարապետյանը:
Հետևաբար, համարի մեջ օգտագործված նոր լուսանկարները հայ հեղինակներինը չեն: Մեծ թվով լուսանկարներ է տրամադրել բելգիացի Ֆրեդերիկ Բերլեմոնը, որը 2007 թ. է այցելել Գանձակի շրջանի մի շարք գյուղեր:
Մի շարք լուսանկարներ ձեռք են բերվել ադրբեջանցիներից՝ հսկայական վարձատրության դիմաց: «Այդ նկարներից մեկը, օրինակ, ներկայացնում է Շամախու գավառի ներկայիս Իսմայլի շրջանը: Կրասնոդարից գործուղված մի ադրբեջանցու շնորհիվ ունենք լուսանկար, որում տեսնում ենք, որ եկեղեցին պայթեցված է: Բարեբախտաբար, ունեինք խորհրդային վերջին տարիների լուսանկարներ՝ կանգուն վիճակով, և համադրաբար ներկայացրել ենք հանդեսում»,- ասաց հուշարձանագետը:










































