Կոալիցիոն մեծամասնությունն այսօր որոշել էր բոյկոտել ՀՅԴ խմբակցության` Կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին օրենքի նախագիծը, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց:
Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց այդ նախագիծը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե օրինագծի ընդունումն այս պահին ՀՀԿ-ն իրատեսական չի համարում և, խորհրդակցելով կոալիցիոն գործընկերների հետ, քվեարկությանը չի մասնակցելու:
Նույնը հայտարարեց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Այդքանից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ելույթ ունենալով վարման կարգի վերաբերյալ, առաջարկեց հետաձգել օրինագծի քվեարկությունը: «Ես այնպես հասկացա, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն սկզբունքային առումով դեմ չեն մեր օրինագծին, ժամանակի խնդիրն է միայն դիտարկվում:
Եթե այդպես է, այն, ինչ ասում էին նախարարները երեկ, որ այս պահին փող չկա, եկեք հետաձգենք օրենքի քվեարկությունը, և մենք այդ ընթացքում կապացուցենք, որ փող կա»,- ասաց նա:
Ուշագրավն այն է, որ երեկ, երբ քննարկվում էր այս նախագիծը, կոալիցիան մասամբ, հիմնականում` ՀՀԿ-ականները, բոյկոտել էր նաև նախագծի քննարկումը, և ԱԺ դահլիճում միայն ՀՅԴ-ականներն էին, որոնք ներկայացնում էին նախագիծն ու քննարկում իրար հետ:
Այսօր Հովիկ Աբրահամյանը 15 օրով հետաձգեց օրինագծի քվեարկությունը:









































