Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին «Բավարիա»-ի հետ կայանալիք հանդիպման նախախաղային մամլո ասուլիսում անդրադարձել է իր նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով այժմ գլխավորում է մյունխենյան ակումբը:
«Կարևորագույն խաղ է սպասվում: Չէ՞ որ սա կիսաեզրափակիչ է: Իհարկե, հիշում ենք 2 տարի առաջ կայացած խաղը, բայց հիմա բոլորովին այլ խաղ է լինելու:
Գվարդիոլայի հետ ֆանտաստիկ հարաբերություններ եմ ունեցել: Պեպի՝ «Բարսելոնա»-ից հեռանալուց հետո մի քանի անգամ տեսել եմ նրան, բայց հանդիպում չենք ունեցել: Իհարկե, նա մեզ բոլորիս շատ լավ գիտի:
Մեծ հաջողությունների ենք հասել նրա գլխավորությամբ, բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Բայց նա մարզիչ է, ով ուսումնասիրում է բոլորին: Գվարդիոլայի գլխավորությամբ հասունացել եմ որպես ֆուտբոլիստ:
Ինչ վերաբերում է իմ ու Լուիս Էնրիկեի հունվարյան վիճաբանությանը, արդեն ասել եմ, որ եղել է այն, ինչ եղել է: Դրանից հետո ոչ մի խնդիր չենք ունեցել:
Այժմ խաղում ենք շատ լավ, բոլոր ֆուտբոլիստները հիանալի են: Հիանալի մարզավիճակում ենք, հաղթանակի ծարավ ենք զգում ու մոտիվացված ենք»,- արգենտինացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































