«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.
«The Economist-ի վերլուծության համաձայն շոգի ալիքի ընթացքում ամենից շատ կտուժի Փարիզը, քան մյուս քաղաքները։ Կանխատեսվում է, որ շոգի հետևանքով մահացության վտանգը քաղաքում կարող է աճել շուրջ 300%-ով։
Պարբերականը ուսումնասիրել է Եվրոպայի 854 քաղաք որպեսզի գնահատի, թե որտեղ շոգի ազդեցությունն առավել ծանր կլինի բնակչության համար։
Փարիզի բարձր խոցելիության հիմնական պատճառներն են․
Քաղաքային ջերմային կղզու ազդեցությունը (Urban Heat Island, UHI) – քաղաքի կենտրոնում ասֆալտապատ և խիտ կառուցապատված տարածքների մեծ մասնաբաժինը, մուգ գույնի տանիքների առատությունը, ինչպես նաև ծառերի և կանաչ տարածքների պակասը հանգեցնում են նրան, որ քաղաքը հատկապես գիշերային ժամերին զգալիորեն ավելի շատ ջերմություն է կուտակում և պահպանում, քան շրջակա արվարձանները։
Ճարտարապետական առանձնահատկությունները – Փարիզի պատմական շենքերի հայտնի ցինկապատ տանիքները ծայրահեղ շոգի պայմաններում ուժեղ տաքանում են՝ վերին հարկերի բնակարանները վերածելով իսկական «ջերմային վառարանների»։ Այս հանգամանքը զգալիորեն մեծացնում է բնակիչների ջերմային սթրեսի և առողջական բարդությունների վտանգը»։









































