Իրանի միջուկային օբյեկտներում անվերջ ստուգումները ոչ նորմալ պրակտիկա են: IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է միջուկային հարցերով Թեհրանի գլխավոր բանակցող, այդ երկրի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արաքչին՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, որ ստուգումներն Իրանի միջուկային օբյեկտներում պետք է մշտապես անցկացվեն, ոչ թե մի քանի տասնյակ տարվա ընթացքում:
Նրա խոսքով՝ դա առնվազն տարօրինակ է և ոչ նորմալ:
Արաքչին նշել է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներից մեկն այն է, որ երկրները, որոնք միանում են պայմանագրին, կարող են միջուկային էներգիայի հասանելիություն ունենալ խաղաղ նպատակներով, և նրանք, իրենց հերթին, թույլատրում են իրենց օբյեկտներում ստուգումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում:
Արաքչին նշել է, որ իրանական կողմի հիմնական պահանջներից մեկը «Իրանի վրայից բոլոր ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներն օպերատիվ կերպով հանելն է բազմակողմանի համաձայնագրի ստորագրումից հետո»:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունները կվերսկսվեն մայիսի 12-ին Վիեննայում, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
«Բարձր մակարդակով հանդիպումների նոր փուլը տեղի կունենա ավստրիական Վիեննայում մայիսի 12-ին»,- հայտնում է գործակալությունը՝ չնշելով տեղեկության աղբյուրը:










































