Microsoft ընկերությունը հայտարարել է Outlook.com փոստային ծառայության բետա-թեստավորման ավարտի մասին: Այսօրվանից սկսած՝ վեբ-փոստն աշխատում է լիարժեք ռեժիմով, ասվում է պաշտոնական բլոգում:
Կես տարվա աշխատանքի ընթացքում Outlook.com ծառայությունը հավաքել է 60 մլն ակտիվ օգտատեր: Նրանց մեկ երրորդ մասը եկել են Google-ին պատկանող Gmail-ից, ընդգծում է Engadget-ը:
2013թ. ամռանը Microsoft-ը հույս ունի, որ նոր ինտերֆեյսին կանցնեն փոստային ծառայություններից ևս մեկի՝ Hotmail-ի օգտատերերը: Ի տարբերություն այլ փոստային ծառայությունների օգտատերերի, Hotmail-ի օգտատերերը Outlook.com-ին անցնելիս պահպանում են նախկին հասցեներն ու գաղտնաբառերը, նամակները, հասցեների գիրքը և այլն:
Microsoft-ն այս փետրվարին կսկսի գովազդել Outlook.com-ը ԱՄՆ-ում ու մի շարք այլ երկրներում: Ծառայության մասին կպատմեն հեռուստատեսությամբ ու ռադիոյով, դրա գովազդը կհայտնվի համացանցում:
Outlook.com-ը աշխատանքը սկսեց 2012թ. հուլիսից և առաջին իսկ օրերին ունեցավ միլիոնավոր օգտատերեր:









































