ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԵԽԽՎ-ն այսօր հրապարակեցին Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ համատեղ զեկույցը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ իրենց զեկույցում նշվում է, որ ընտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված, համապատասխանում էին միջազգային բոլոր չափանիշներին, կար մամուլի ազատություն, և այս նախագահական ընտրությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է:
Առաքելության ղեկավար Հաիդի Տալյավինին նշեց, որ առկա են որոշակի մտահոգություններ, սակայն ընդհանուր առմամբ ընտրությունները շատ մրցակցային էին, և մեղավոր էին միայն այն կուսակցությունները, որոնք այդպես էլ թեկնածու չառաջադրեցին:
Երբ դիտորդները ավարտեցին իրենց զեկույցի ընթերցումը, մի խումբ ակտիվիստներ պահանջեցին իրենց արտահայտվելու հնարավորություն տալ: Սկզբում նրանց թույլ չէին տալիս, սակայն դահլիճում ներկա գտնվողների հորդորով նրանց թույլ տվեցին ելույթ ունենալ: Երիտասարդները իրենց խոսքում նշեցին, որ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ եղել են մեկ քայլ առաջ, երեք քայլ` հետ, երկու քայլ` աջ, կես քայլ՝ ձախ, այն է` չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի պահանջներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին:
Նրանք դիտորդական առաքելության ներկայացուցիչներին «ամոթ» վանկարկումով «ստիպեցին» հեռանալ դահլիճից:
Հայտարարվեց ընդմիջում, ինչից հետո իրավիճակը դահլիճում դեռևս շարունակում էր լարված մնալ:
Մոտ 30 րոպե անց դիտորդները վերադարձան և ասացին, որ բացարձակապես չեն հասկանում, թե ինչ էին ուզում ասել երիտասարդները, քանի որ հայերեն չեն հասկանում:
Պատասխանալեով լրագրողների հարցերին, թե իսկապե՞ս ընտրատեղամասերում ոչ մի խախտում չեն նկատել, նրանք ասացին՝ ոչ, եղել են 1000-ից ավելի ընտրատեղամասերում, սակայն ոչ մի խախտում չեն նկատել:
Լրագրողներից մեկի հարցին, թե չե՞ն տեսել արդյոք լրատվական կայքերում հոլովակներ, որտեղ բացահայտ երևում են բոլոր անօրինությունները, դիտորդները պնդեցին, որ չեն տեսել:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր վերջնական զեկույցը կհրապարակի մի քանի օրից:











































