«Սա ընտրություն չէր, սա թատերական ներկայացում էր: Ըստ էության խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի միակ թեկնածուն, որը մասնակցեց այս նախագահական ընտրություններին, հենց «Ժառանգությունն» էր, և հենց նրա առաջնորդի շուրջը պետք է կենտրոնանային բոլոր դժգոհ ընդդիմադիր տեսակետներ ունեցող քաղաքացիների ձայները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների առումով կանխատեսելի էր նաև ավելին: Այսինքն՝ այս արդյունքը ցույց է տալիս, որ եթե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը ակտիվորեն մասնակցեին ընտրություններին, ապա Սերժ Սարգսյանը կպարտվեր»,- իր կարծիքը հայտնեց քաղաքագետը:
Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ եթե ցանկանային ժողովրդի մեջ միտումնավոր սերմանել ատելություն, հակակրանք, ապա քարոզարշավը կանցկացնեին հենց այնպես, ինչպես անցկացրեց Սերժ Սարգսյանը. «Այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ հայտարարություններ էին անում Սերժ Սարգսյանի օգտին, նրանք իսկապես արջի ծառայություն մատուցեցին, իսկապես արժեզրկեցին այս ընտրությունները: Ասեմ, որ իհարկե՝ ոչ միայն ընտրարշավի ժամանակ, այլ նաև քվեարկության օրը խայտառակ բան տեղի ունեցավ՝ նկատի ունեմ հրավառությունը: Ես դա կնմանեցնեի Լևոն Տեր-Պետրոսյանի խմած շամպայնին՝ 96 թվականին. նույն պատմությունն է»:
Ըստ քաղաքագետի՝ հիմնական ընդդիմադիր դեմքը այսուհետ լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը. «2008 թվականի ընտրություններից հետո էլ եմ ասել, որ ընդդիմության առաջնորդի հարցը նախագահական ընտրություններով է փոխվում, այսինքն՝ ընդդիմության առաջնորդն այսուհետ Րաֆֆին է և ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ, առավել ևս, Գագիկ Ծառուկյանը»:
Մեր հարցին՝ կկարողանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծել այնպիսի ընդդիմության, ինչպիսին 2008-ին էր, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է նրանից, թե կկարողանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքի ալիք բարձրացնել, հետընտրական զարգացումների և Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնել, կկարողանա՞ իր պաշտոնական արդյունքը վերածել կոնկրետ դիրքերի:
Խոսվում է այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհավակնի վարչապետի պաշտոնին. դա էլ հնարավոր կդառնա միայն մի դեպքում՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա հետընտրական այնպիսի զարգացումների հասնել, որը հնարավոր կդարձնի նրա՝ վարչապետի պաշտոնում նշանակումը»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































