Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը համեմատել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայիս և նախկին գլխավոր մարզիչների` Լուի վան Գալի և Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Մեքսիկացի ֆուտբոլիստի կարծիքով` իտալացի մասնագետը որոշ չափով հիշեցնում է Ֆերգյուսոնին:
«Անչելոտին և Վան Գալը տարբերվում են: Կարլոն ավելի շատ է շփվում ֆուտբոլիստների հետ: Նա ավելի հանգիստ բնավորություն ունի: Վան Գալն այլ է: Նրա աշխատանքի ժամերը երբեք չեն փոխվում: Լուին շատ խիստ է և մեծ ուշադրություն է դարձնում կարգապահությանը: Անչելոտին հիշեցնում է Ֆերգյուսոնին և ավելի շատ ազատություն է տալիս իր սաներին»,- AS-ը մեջբերում է Էրնանդեսի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ը չի օգտվել Չիչարիտոյի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունից: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս «արքայական ակումբ»-ում:











































