Երեկ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Երեկոյան ժամին «Ժողովուրդ»-ը զրուցեց այն քաղաքական գործիչների հետ, որոնց կուսակցությունները հրաժարվել էին մասնակցել ընտրություններին: Թերթը փորձեց պարզել, թե ինչպիսինն է նրանց գնահատականը՝ նախագահական ընտրությունների հետ կսսղված:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
– Տիկին Զոհրաբյան, մասնակցե՞լ եք նախագահական ընտրություններին:
– Ոչ, չեմ մասնակցել, քանի որ քաղաքում չէի: Թբիլիսիում էի:
– Ինչո՞ւ:
– Առավոտյան շուտ էի մեկնել, շատ շտապ գործ ունեի այնտեղ:
– Իսկ հետևե՞լ եք Հայաստանում տեղի ունեցող նախագահական ընտրություններին: Ի՞նչ գնահատական կտաք դրանց:
– Այսօր գնահատական չի լինելու: Ես ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեմ:
– Ձեր կարծիքով՝ հետընտրական զարգացումներ լինելո՞ւ են:
– Ընտրությունների հետ կապված, հետընտրական զարգացումների հետ կապված՝ ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում որևէ բան ասելուց:
ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
– Պարոն Աբրահամյան, ընտրություններին մասնակցե՞լ եք:
– Այո, մասնակցել եմ և իմ քաղաքացիական պարտքն եմ կատարել: Գնացել, ընտրել ու եկել եմ, ոչ ընտրական գործընթացի եմ հետևել և ոչ էլ տեղյակ եմ, թե ով ինչպես է ընտրել, որ տեսակետ հայտնեմ: Բացարձակապես ինֆորմացիայի չեմ տիրապետում:
– Ինչո՞ւ եք այդքան անտարբեր Հայաստանում տեղի ունեցող թիվ մեկ իրադարձությանը:
– Ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ: Ով որ ինչ-որ բանի հավատում է, իրենց Ձեր հարցերն ուղղեք: Ես ոչ մի կարգի մեկնաբանություն չունեմ առայժմ:
ՀԱԿ նախկին անդամ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
– Պարոն Շահնազարյան, խնդրում եմ՝ Ձեր գնահատականը տաք նախագահական ընտրությունների վերաբերյալ: Մասնակցե՞լ եք ընտրություններին:
– Իհարկե մասնակցել եմ: Առայժմ շուտ է ինչ-որ գնահատականներ տալ: Ինչ մամուլով կա, այդ ամենին հետևել եմ, մի քանի օր պետք է անցնի, որ որևէ գնահատական հնչեցնեմ:
«Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
– Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞նն էին նախագահական ընտրությունները, դրանք կարելի՞ է համարել կայացած:
– Առանձնապես գործընթաց չեմ էլ նկատել, միջոցառում եղավ: Երբ մի բան իրականության մեջ տեղի չի ունենում, դա, որպես կանոն, շատ խախանդ է: Ընտրություն՝ որպես այդպիսին, տեղի չի ունենում, ի՞նչ անակնկալների էիք սպասում: Ժողովուրդը՝ հասարակությունն ամբողջությամբ, հիասթափված է, զգալի մասը պարզապես չի գնացել, մյուս մասը գնացել է, որովհետև ինչ-որ ձևով այնուամենայնիվ գայթակղող պահեր է տեսել, բայց ինձ այդ ամեն ինչը չի հետաքրքրում:
– Ի՞նչ գործընթացներ կհետևեն ընտրություններին:
– Չգիտեմ:
ՀՀՇ վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ
– Պարոն Աբգարյան, գո՞հ եք նախագահական ընտրությունների ընթացքից:
– Դեռ հիմնովին տեղեկություններ չունեմ, որովհետև ընտրել եմ ու վերադարձել տուն: Հեռուստացույցով մի քանի տեսակետներ հնչեցին և վերջ: Ուղղակի ուզում եմ մի բան ասել, հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը փորձ ունեցող է և նման այլ բաներ… իրականում նման եզրահանգումները ոտքից գլուխ սխալ են: Իրականում ոչ թե պետք է հայտարարել, թե թեկնածուն ինչպես է իրեն դրսևորել այստեղ կամ այնտեղ, այլ գործել իրական դաշտում: Ոչ ոք չի կարող հաստատել, որ նա, օրինակ, 1993-94 թվականների պատերազմում ինչ-որ մեծ վաստակ ունի: Ընտրությունների ժամանակ ընդամենը պետք է ժողովուրդը հիմք ընդունի հետևյալը. ի՞նչ է արել այդ մարդը: Նա հակապետական գործունեություն է վարել, պարտքերի ձևավորումը և այլն, և այլն: Այս կարգի բաները պետք է հաշվի առնվեին: Սակայն նման բաների վրա ոչ ոք չի ցանկանում ուշադրություն դարձնել: Փաստորեն, երկրի անկախությունը քարուքանդ է արված: Սա՞ է իրականությունը:








































