Մալաթիա-Սեբաստիա համայնքում Վահան Զատիկյանի անվան դպրոցում մոտ 8.10-ին, երբ ընտրատեղամասի դռները փակվում էին և այնտեղից ոչ ոք արդեն իրավունք չուներ ներս ու դուրս անելու, ոստիկանները ներս թողեցին սևազգեստ և մորուքով մի տղամարդու, ում անունը Սյունիք էր: Այդ մարդը ներս մտավ, գնաց ոստիկանների առանձնասենյակ, մոտ 10 րոպե մնաց և դուրս եկավ:
«Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե դուք իրավունք չունեք ներս ու դուրս անելու, նա սկզբում փորձեց հակաճառել, բայց Սերժ Սարգսյանի վստահված անձի զգուշացումից հետո, թե «գործ չունես», դեմքը փակեց: Ոստիկանների ուղեկցությամբ այդ մարդը դուրս եկավ ընտրատեղամասից: Երբ փորձեցինք ոստիկաններից ճշտել, թե ով է այդ մարդը և ինչու են նրան ներս թողել, ոստիկանները չցանկացան պատասխանել: Ի դեպ, այդ սևազգեստ մարդը կեսօրին նույնպես պտտվում էր նշված դպրոցում, որտեղ տեղակայված են 3 ընտրատեղամասեր՝ 8/05, 8/06, 8/07:









































