1877թ. այս օրը Ախալքալաքում ծնվեց գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրճօղլյան):
Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1900թ. հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903թ. մեկնել է Մոսկվա, 1905-1910թթ. սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925թ. տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը:
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Մինչև 1919թ. ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային:
Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»), «Վասակ» (1912թ.) և «Հովնան Մեծատուն» (1919թ.) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման:
Բեղմնավոր է եղել Դեմիրճյանի գրիչը նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ. գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել:
Մահացել է 1956թ. դեկտեմբերի 6-ին Երևանում:






































