Անցած հանգստյան օրերի՝ փետրվարի 15-17-ի արդյունքներով՝ հյուսիսամերիկյան կինովարձույթի առաջատար է դարձել «Ամուր ընկույզ. Լավ օր մեռնելու համար» մարտաֆիլմը (A Good Day to Die Hard): BoxOfficeMojo կայքի փոխանցմամբ՝ պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 25 մլն դոլար: Թվով 5-րդ «Ամուր ընկույզի» գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում: Կինոնկարում գլխավոր դերով ավանդաբար հանդես է եկել Բրյուս Ուիլիսը:
Հանգստյան օրերին կինովարձույթում հավաքած դրամական միջոցներով երկրորդ տեղում է Սեթ Գորդոնի «Ինքնության գողը» ( Identity Thief) կատակերգությունը, որն անցած շաբաթվա առաջատարն էր: Այս շաբաթ այն հավաքել է 23.437 մլն դոլար, երկու շաբաթում ընդհանուր՝ 70.725 մլն դոլար:
Առաջատարների եռյակը եզրափակում է ևս մեկ նորույթ՝ մելոդրամայի տարրերով «Խաղաղ նավահանգիստ» թրիլլերը (Safe Haven), որը հանգստյան օրերին աշխատել է 21.43 մլն դոլար:
Չորրորդ հորիզոնականում է «Փախուստ Երկիր մոլորակից» ֆիլմը (Escape From Planet Earth՝ 10.066 մլն դոլար), իսկ հինգերորդ տեղում՝ մարդու և զոմբիի սիրո մասին պատմող «Ջերմ մարմիններ» կինոնկարը (Warm Bodies՝ 9 մլն):










































