Անգլուհի մի թոշակառու կորցրել է քունն՝ իր ականջներում մշտապես հնչող երգի պատճառով: Բժիշկները նշում են երաժշտական հազվադեպ հալյուցինացիայի մասին:
63-ամյա Սյուզան Ռութի համար կյանքի վերջին 3 տարիները վերածվել են իսկական փորձության: Նրա ականջներում մշտապես հնչում է 50-ականներին հիթ դարձած How much is that Doggie in the Window երգը:
Թոշակառու կնոջը նաև «հետապնդում են» Մեծ Բրիտանիայի հիմնն ու Happy birthday հայտնի շնորհավորական երգը:
Դա սկսվել է 3 տարի առաջ: Մինչ հիմա նրա ականջներում ռադիո է միացված, որն անջատել նա չի կարողանում: «Հատկապես սարսափելի են գիշերները, դա խենթացնում է: Ես մշտապես երաժշտություն եմ լսում: Ամենից հաճախ հնչում է How much is that Doggie in the Window երգը, որը երիտասարդ տարիներին շատ էի սիրում»,– ասել է Ռութը:
Այդ «կպչուն» երաժշտությունն այնքան բարձր է հնչում, որ կինը չի լսում նույնիսկ իր ամուսնու ձայնը, երբ նա խոսում է իր հետ:
Բժիշկներն ասել են, որ նրան այլևս ոչինչ չի օգնի և, ամենայն հավանականությամբ, նա պետք է կյանքի մնացած մասն այդպես ապրի։







































