Վաղուց արդեն ոսկյա զարդեր կրելը կանանց մենաշնորհը չէ։ Աշխարհում հայտնի շատ բրենդներ մասնագիտացել են միայն տղամարդկանց զարդերի պատրաստման մեջ։
Ասպետական պաշտամունքն իր ավանդույթներով և հայտնի ծագման մասին վկայող հերալդիկայով միշտ էլ ոսկերիչների մոտ արդիական է եղել: Ասպետական թեմաներով ոսկերչական զարդերը հրաշալի նվերներ և թալիսմաններ են տղամարդկանց համար:

Նույնիսկ ոսկերչական D.Duke բրենդի անվանումը վկայում է արիստոկրատական ծագման մասին: Նրանց զարդերը նախատեսված են միայն տղամարդկանց համար: Եվրոպայում տարածված fleur de lys-ի մոտիվներով վզնոցը Galileo հավաքածուից հասցնում է մեզ ֆրանկների թագավոր Հլոդվիգի ժամանակաշրջանը, ով առաջինն է քրիստոնեություն ընդունել 496 թ.: Լեգենդի համաձայն՝ հրեշտակը նրան ոսկե հովտաշուշան է տվել, և հենց այդ ծաղիկն էլ դարձել է ֆրանսիական թագավորական պալատի խորհրդանիշը:

Հերալդիկ հովտաշուշանի տեսքից բացի, զարդն իր մեջ գաղտնիք էլ ունի: Այդ երկու հազար եվրո արժողությամբ զարդն իր մեջ 16 գբ հիշողությամբ փոխադրիչ է պարունակում:
Շատ ոսկերիչներ համոզված են, որ կմախքները և վախեցնող դեկորը զարդերը թալիսմանի են վերածում, որոնք էլ դրանց տերերին պաշտպանում են բացասական ազդեցություններից։ Atelier Minyon բրենդի՝ դեղին ոսկուց և օքսիդացված արծաթից պատրաստված Skull Shield վզնոցը թույլ նյարդեր ունեցողների համար չէ. սև ադամանդներից և սուտակներից բաղկացած վահանի վրա դրված է գանգ, որի մեջ վերևից թուր է մխրճված: Այս զարդը նախատեսված է ոչ միայն քաջ, այլև ֆինանսապես ապահովված անձանց համար, դրա արժեքը յոթուկես հազար դոլար է:

Շվեյցարական De Grisogono ընկերությունը նախընտրում է դասական ոճը և առաջարկում է սպիտակ, դեղին և վարդագույն ոսկուց պատրաստված ճարմանդներ՝ պահպանողական և ավելորդություններ չսիրող տղամարդկանց համար: Ճարմանդների արժեքը սկսվում է 2500 եվրոյից և կախված է թանկարժեք քարերի թվից ու մեծությունից:
Ոսկերչական Loree Rodkin տան արտադրանքները շատ են սիրում Էլթոն Ջոնը, Նիկոլ Քիդմանը, Շերոն Սթոունը, Մադոննան, Փերիս Հիլթոնը, Սառա Ջեսիկա Փարքերը, Բրեդ Փիթը և Ռոբերտ Դաունին:

Love and Rock հավաքածուից Maltese Cross Shield մատանին հիշեցնում է մալթական հնագույն ասպետական շքանշանները: Այս մեկուկես հազար դոլար արժողությամբ մատանին կարող են ձեռք բերել ոչ միայն աստղերը:

Նիգեր, եղջյուրներ, ժանիքներ, նետեր՝ այս ամենն ակտիվ օգտագործում են ոսկերիչները, որպեսզի նշեն, որ զարդերը տղամարդկանց համար են նախատեսված: Դրանք օգտագործվում են, որպեսզի փոխանցեն այն զգացողությունները, որոնք զգում են զինվորներն՝ իրենց հայրենիքն ու տունը պաշտպանելիս:

Այդպիսի «տղամարդկային» զարդեր են պատրաստում Sydney Evan-ը (1300 դոլար), Baldessarini-ն (700 եվրո), Stenzhorn-ը (1000 եվրո), բրիտանական Theo Fennell-ը՝ իր Quiver և Horn հավաքածուներով (1000 ֆունտից սկսած):










































